Քնախտ

Քնախտ, աֆրիկական տրիպանոսոմոզ, մարդու հիվանդություն, որի հարուցիչը Trypanosoma gambiense-ն է։Հանդիպում է Կենտրոնական, Արևմտյան և Արևելյան Աֆրիկայի մի շարք շրջաններում։ Քնախտի փոխանցողը ցեցե ճանճն է։ Քնախտի տարատեսակը, որի հարուցիչը T․ rhodesiense-ն է, դիտվում է Աֆրիկայի արևելյան մասում։ Այդ տեսակով հիվանդանում են նաև որոշ կենդանիներ (անտիլոպներ, այծեր և այլն), փոխանցողը glossina morsitans ճանճն է։ Վարակված ճանճի օրգանիզմում տրիպանոսոմները կարող են պահպանվել 2–3 ամիս։ Քնախտի գաղտնի շրջանը տևում է 2–3 շաբաթ։